ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Վարք հարանց

Վարք հարանց
09.05.2014 | 13:23

Դիմացինի վարքը, լինի բարի, թե չար, վարակիչ է ու տարածվող: Հիմա բոլորս ենք շրջապատված զանազան մարդկանց վարք ու բարքի վկայություններով, մանավանդ հեռուստավարակը, որ ամբողջ աշխարհն է ապականում: Այդ է պատճառը, որ անհրաժեշտ է լինում երբեմն-երբեմն անդրադառնալ սրբերի ու հաղթանակած հերոսների վկայություններին, որպեսզի մենք էլ բարի նախանձախնդրությամբ վարակվենք ու աշխատենք նմանվել նրանց: Մեր թերթում, ինչպես նկատել են ընթերցողները, աշխատել ենք հաճախակի զետեղել սրբերի հոգեշահ վկայաբանությունները, իսկ այսուհետ պիտի աշխատենք հայոց ընտիրների սխրանքների մասին վկայությունների մի շարք ապահովել, որպես բարի և օգտակար օրինակ՝ ի բարօրություն ազգի հայոց:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՎԱՐՔԻ
«Երբ մենք Կարին քաղաքում էինք, Հովհաննես վարդապետը մեզ հետևյալ իրողությունը պատմեց: Մենք էլ արժանի գտանք գրելու այդ մասին:
Մեծ ու բարերար Մովսես կաթողիկոսն իր հայրապետական գավազանը փոխանցեց Փիլիպոս վարդապետին ու, եպիսկոպոս ձեռնադրելով, որպես իր նվիրակ հույների երկիրն ուղարկեց: Գնաց նա Թեոդոսոպոլ քաղաքը, այսինքն՝ Էրզրում: Այնտեղ ապրում էր մի վարդապետ՝ Մինաս անունով, որը երաժշտության արվեստը կատարելությամբ էր ուսումնասիրել, բայց փառասեր էր, ինքնահավան, հանդուգն և ոչ ոքի չէր ենթարկվում: Մի անգամ, երբ գիշերային ժամերգության ժամանակ, ավարտելով «Մեծացուցանեմ» շարականը, շարունակեց «Տերը երկնքում» երգը, Փիլիպոսն ասաց՝ դա մի երգիր, որովհետև չի համապատասխանում: Բայց Մինասը, առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց երգել ու արեց, ինչպես ուզում էր: Ավարտելով աղոթքները՝ Փիլիպոսը սկսեց քարոզ կարդալ՝ խոսելով «Մեծացուցանեմ» շարականի մասին, հանդիմանեց Մինասին, որ չգիտեր դրա խորհուրդը, նաև վարդապետի ինքնակամության համար:
Նա էլ, չար նախանձով լցվելով, գնաց քաղաքապետի մոտ և չարախոսեց Փիլիպոսին՝ ասելով. «Պարսկաստանից ինչ-որ վարդապետ է եկել ու մեր երկրից շատ փող է հավաքել, որ ուղարկի պարսիկներին, որ նրանք գան ու ամայացնեն մեր երկիրը: Նաև հայհոյում և անիծում է ձեր քաղաքը և նզովք է կարդում Օմարին և Օսմանին»: Բարկացած փաշան ենիչերիներ ուղարկեց եպիսկոպոսի հետևից՝ ասելով. «Նրան դեմքով դեպի հողը քարշ տալով՝ բերեք ինձ մոտ»: Գնացին ենիչերիները Փիլիպոսի հետևից ու տեսան շատ առևտրականներ ու քաղաքացիներ են նստել նրա մոտ: Եվ ասում են. «Ո՞վ է այն հոգևորականը, որ ղզլբաշների մոտից է եկել: Թող վեր կենա և գա մեզ հետ, որովհետև փաշան կանչում է նրան»:
Ոտքի կանգնեց սուրբ վարդապետը, նրա հետ էլ կանգնեցին մյուսները: Եվ ասաց նա, որ բոլորը դուրս գնան: Իսկ ինքը պահարանը բացելով, երկու դեռ չվառված սպիտակ մոմ վերցրեց և թաքցրեց փարաջայի տակ: Նրա հետ բոլորը գնացին ու մտնելով փաշայի մոտ, խոնարհաբար ողջունեցին: Իսկ նա բարկացած հարցրեց. «Այդ դո՞ւ ես, որ եկել ես մեր քաղաքը, որ փող հավաքես ու շահին ուղարկես, որ նա բանակ հավաքի ու մեզ վրա հարձակվի»: Իսկ երանելի վարդապետը, որ չգիտեր տեղի լեզուն, թարգմանչի միջոցով պատասխանեց. «Ես յուղի վաճառական եմ, ով տալիս է փողը, ստանում է, ով չի տալիս, չի ստանում»: «Եթե դու վաճառական ես,- ասում է փաշան,- այդ դեպքում ինչո՞ւ ես հայհոյում և անիծում մեզ»: Դրան վարդապետը պատասխանեց. «Հայհոյությունը իմ գործը չէ»: Հետո փարաջայի տակից հանեց մոմերը և փաշային մեկնեց: ՈՒ երբ նա վերցրեց, հանկարծ, Սուրբ Հոգու ողորմությամբ ու հրաշքով, մոմերը վառվեցին փաշայի ձեռքում: Ապշեց քաղաքագլուխը և ասաց սարսափահար. «Դուրս արի և գնա այստեղից»: Երանելի վարդապետը խոնարհվելով դուրս եկավ: Փաշան նրա հետ եկած մարդկանց հարցրեց, թե ի՞նչ է նշանակում այդ հրաշքը: Նրան պատասխանեցին. «Աստծո այդ ծառան շատ այլ հրաշքներ է գործում»:
Լսելով այդ՝ փաշան հրամայում է նրան հետ բերել ու ասում է նրան. «Հա՛յր, դու տեսնում ես, որ մեզ մոտ երաշտ է, ամբողջ հողը չորացել է, եթե կարող ես մեզ անձրև տուր»: Վարդապետը նրան ասաց. «Աստծո ողորմությունը անսահման է, բայց թուրքերը խանգարում են մեզ աղոթել մեր օրենքով»: «Ես քեզ ուղեկցողներ կտամ,- ասում է փաշան,- եթե մեկը խանգարի, նրան կսպանեն, իսկ դու ձեր օրենքով աղոթիր անարգել»:
Փաշայի մոտից հեռանալով՝ վարդապետը եկեղեցի գնաց, որը Տիրամոր անունով էր կոչվում, և հրամայեց բոլոր քահանաներին հագնել իրենց ծիսական հագուստները, իսկ ինքը հագնվեց ինչպես պատարագի ժամանակ և գլխին թագը դրեց, վերցրեց Խաչն ու դուրս եկավ եկեղեցուց Խաչով ու Ավետարանով՝ զանգերի ղողանջի տակ: Եվ սկսեցին երգել. «Սուրբ Աստված, սուրբ և անմահ» շարականը:
Բոլորը, այդ թվում՝ քաղաքի ժողովուրդը, դուրս եկան նրա հետ հյուսիսային դռներով դեպի այն բլուրը, որ կոչվում է Սուրբ Խաչի սար: Մինչ նրանք շարականներ երգելով գնում էին, երկնքում սկսեցին ամպեր կուտակվել, իսկ երբ տեղ հասան, սկսեց անձրև կաթկթել: Երբ սկսեցին Ավետարանի այն հատվածը կարդալ, որ ասում է. «Որովհետև փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք» (Մաթ. 24.27), երեք անգամ կայծակը զարկեց, իսկ երբ սկսեցին Խաչի երթը, երկնքի պատուհանները բացվեցին, ու հեղեղ սկսվեց, դեռ Խաչի երթը չավարտած՝ դաշտը ծովի նմանվեց: Եվ վերադարձան եկեղեցի՝ բարբառելով ու սաղմոսելով. «Տերը ջրհեղեղի վրա է նստում, Տերը հավիտյան թագավոր է» (Սղմ. 29.10), ու երգեցին «Աղաչում ենք Սուրբ Խաչովդ», ինչպես նաև «Պահիր այս քո ժողովուրդդ» շարականները:
Երբ փաշան տեսավ այս երկու հրաշքները, բռնեց չարախոս Մինասին և պարտադրեց նրան 1000 միրչալ վճարել՝ ասելով. «Սա թող քեզ դաս լինի, որ այսուհետև չարախոսությամբ չզբաղվես»:
Սա մեզ պատմեց Կարինից Հովհաննեսը՝ Մինաս վարդապետի աշակերտը:


Իսկ այս հոգեշատ վկայությունը ձեզ համար քաղեց ու փոխանցեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ